Արագագործ ջերմաստիճանային սկաներ - ԱՋՍ (Հայաստան)

Արագագործ ջերմաստիճանային սկաներ - ԱՋՍ (Հայաստան)

Նկարագրություն: HSTS-1 և HSTS-2 մոդելների աշխատանքի սկզբունքը հիմնված է մետաղական բարակ թիթեղից (Ni) պատրաստված տաքացվող բջջի ուղղակի ռեզիստիվ տաքացման վրա։ Իսկ HSTS-3 մոդելի դեպքում գլանաձև հաբի տեսքով փորձանմուշը տեղադրվում է գրաֆիտի գործվածքից պատրաստված տաքացուցիչի մեջ: Տաքացումը իրականացվում է էլեկտրական հոսանքով նախապես ծրագրավորված ջերմաստիճան-ժամանակ հետագծով, որը կարգավորվում է համակարգչով: Սարքը բաղկացած է երեք հիմնական մասից - ղեկավարման բլոկից՝ ներառյալ ուժային մոդուլները, ռեակտորից և համակարգչից: Հետազոտվող նմուշի տաքացման ժամանակ գրանցված թերմոգրամի՝ գծային ընթացքից դիտվող շեղումները մեկնաբանվում են որպես ռեակցիոն խառնուրդում տեղի ունեցող էկզո- և էնդոթերմ էֆեկտներով պայմանավորված պրոցեսներ։ Տաքացման ջերմային կորերից հնարավոր է որոշել ռեակցիայի բնութագրական ջերմաստիճանները, այն է ռեակցիայի սկսելու ջերմաստիճանը (To), բարձր ջերմանջատիչ փոխազդեցությանը համապատասխանող պիկի առավելագույն ջերմաստիճանը (Tmax) և գծային տաքացման ջերմաստիճանը (T*), որին համապատասխանում է ջերմանջատիչ փոխազդեցության առավելագույն ջերմաստիճանը: Սարքը հնարավորություն է տալիս նախօրոք տրված պահին կամ ջերմաստիճանում պրոցեսն ընդհատել հզորության ավտոմատ անջատմամբ, սառեցնել նմուշը բարձր արագությամբ՝ գործնականում բացառելով հետագա փոխազդեցությունները:
Տեխնիկական բնութագրեր:
Տաքացուցիչ: Ni-ի՝ 100 մկմ հաստությամբ թիթեղ (HSTS-1, 2); ածխածնի գործվածք (HSTS-3)
Ջերմաստիճանային տիրույթ՝ 20-1300 oC (HSTS-1, 2); 20-2000 oC (HSTS-3)
Տաքացման արագություն՝ մինչև 7500 o/ր (HSTS-1, 2); 10-10000 o/ր (HSTS-3)
Սառեցման արագություն՝ մինչև 12000 o/ր (HSTS-1, 2); մինչև 30000 o/ր (HSTS-3)
Գազի ճնշում՝ 10-5-1 մթն (HSTS-1, 2); 10-5-10 մթն (HSTS-3)
Հաճախություն՝ 50 Հց
Նմուշ՝ փոշի (HSTS-1, 2); սեղմված փոքր հաբ (50 մգ), տրամագիծ՝ 5-6 մմ; հաստություն՝ 1 մմ (HSTS-3)
Նմուշի զանգված՝ 5-50 մգ (HSTS-1, 2); 5-100 մգ (HSTS-3)