Քվանտային նյութերի և նանոֆոտոնիկայի լաբորատորիան հյուրընկալել էր մեր միջազգային գործընկերներին՝ պրոֆ. Սոտիրիոս Բասկուտասին (Պատրասի համալսարան, Հունաստան) և պրոֆ. Զայպինգ Զենգին (Հենանի համալսարան, Չինաստան)։
Հանդիպման ընթացքում հյուրերը հանդիպեցին նաև ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանի և գործընկերների հետ՝ քննարկելով հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։
Սոտիրիոս Բասկուտասի հետ մեր լաբորատորիան ունի տարիների ընթացքում ձևավորված արդյունավետ և կայուն համագործակցություն։ Մասնավորապես՝ մեր երիտասարդ գիտաշխատող Սարգիս Գավալաջյանը համատեղ ասպիրանտ է՝ համաղեկավարվելով պրոֆ. Բասկուտասի կողմից։ Բացի այդ, Սարգիս Գավալաջյանը և Նարեկ Ենգիբարյանը 9 ամիս տևողությամբ հետազոտական վերապատրաստում են անցել նրա գիտական խմբում՝ ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի շրջանակում։
Զայպինգ Զենգի հետ ունենք համատեղ հրապարակումներ հեղինակավոր միջազգային գիտական ամսագրերում։
Այս տարի մեր երիտասարդ հետազոտողները դիմել են «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման 2026» ծրագրին, որի շրջանակում նախատեսվում է, որ նախագծի ղեկավարներ կլինեն պրոֆ. Բասկուտասը և պրոֆ. Զենգը։
Նման այցերը կարևոր նշանակություն ունեն միջազգային գիտական համագործակցության ամրապնդման, փորձի փոխանակման և նոր գիտական նախաձեռնությունների ձևավորման գործում։