Նյութագիտություն․ ճանաչել մեզ շրջապատողը, իմանալ՝ ինչ է պետք մարդկությանը, հետագայի համար նորը ստեղծել

- Մարիետա՛, Ձեր հետազոտությունների ուղղությունը նյութագիտությունն է։ Նյութագետները սովորաբար ի՞նչ ուղղությամբ հետազոտություններ են իրականացնում։ Նաև հետաքրքիր է Ձեր նեղ հետազոտությունների շրջանակը․ Դուք փորձում եք ստանալ նոր նյութե՞ր, թե՞ արդեն հայտնի նյութերի սինթեզի նոր եղանակներ եք մտածում։

- Նյութագիտությունը գտնվում է բոլոր գիտությունների խաչմերուկում․ ցանցով կապված է ֆիզիկային, կենսաբանությանը, քիմիային, մաթեմատիկային։ Ամենաարագ զարգացող ու ժամանակակից ուղղություններից մեկն է։ Ինչո՞ւ է այն այսքան արագ զարգացել և ինչո՞ւ է կարևոր։ Որովհետև եթե մենք ուզում ենք ժամանակի հետ առաջ գնալ, այսինքն՝ ստեղծել ինչ-որ իրեր, գործիքներ, որոնք մեզ թույլ կտան ավելի հեշտ ապրել, ժամանակին համահունչ, դա կլինի միայն այն դեպքում, երբ որ մենք կարողանանք ճանաչել այն, ինչ մեզ շրջապատում է։ Իսկ մենք դա կարող ենք իրականացնել նյութագիտության միջոցով, որովհետև այն թույլ է տալիս ճանաչել շրջակա միջավայրում գտնվող մատերիան, իսկ երբ դու ճանաչում ես, կարողանում ես արդեն հասկանալ՝ ինչ է պետք մարդկությանը, հետագայի համար նորը ստեղծել։

Մեր խումբը ոչ միայն զբաղվում է նոր նյութերի ուսումնասիրմամբ, այլ նաև եղած, արդեն հայտնի նյութերի սինթեզի մեթոդների մշակմամբ, ինչը հնարավորություն կտա ավելի հեշտ եղանակով այդ նյութերը սինթեզելու։ Այսինքն՝ երկու ուղղությամբ ենք մտածում․ գտնել նոր նյութեր, որոնք մեզ կօգնեն ինչ-որ տեղ մարդկության կյանքը հեշտացնելու, և բացի այդ նոր նյութերից՝ հայտնի նյութերը սինթեզել այնպիսի եղանակներով, որոնք թույլ կտան, որ այդ նյութի ինքնարժեքն իջնի, այսինքն՝ եղանակը լինի ավելի էներգախնայող, ժամանակը խնայող, և ավելի կարճ ժամանակում,  և՛ նյութական, և՛ մարդկային ավելի քիչ ռեսուրս ծախսելով, հնարավոր լինի այդ նույն նյութը ստանալ։ Որովհետև նյութի գինը, հետևաբար նաև կիրառելիությունն ուղիղ կերպով կապված են ստացման եղանակի հետ․ ինչքան հեշտ եղանակով կարողանաս ստանալ, այնքան ավելի հեշտ կռեալիզացնես այդ նյութը։

Կարդալ ավելին>>>