Էքստրեմալ պայմաններում նյութերի մշակման նոր ուղիներ

Հունիսի 9-ին, ժամը 12:00-ին Ա.Բ. Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի (Պ. Սևակ 5/2) դահլիճում (4-րդ հարկ) տեղի կունենա ԱՄՆ Նոտր Դամի համալսարանի “Ֆիզիկա և աստղագիտություն” բաժնի դոցենտ (Associate Research Professor) Խաչատուր Մանուկյանի՝ “Էքստրեմալ պայմաններում նյութերի մշակման նոր ուղիներ” (New Processing Pathways of Materials Under Extreme Conditions) թեմայով զեկուցումը:

Խաչատուր Մանուկյանը երկար տարիներ աշխատել է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ԲԻՍ պրոցեսների կինետիկայի լաբորատորիայում: Զուգահեռ նաև դասավանդել է ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետում: 2010 թ.-ին տեղափոխվել է ԱՄՆ և իր հետազոտությունները շարունակել Նոտր Դամի համալսարանի “Քիմիական և կենսամոլեկուլային ճարտարագիտություն”, այնուհետև 2013 թ.-ից՝ “Ֆիզիկա և աստղագիտություն” բաժնում:

Խաչատուր Մանուկյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է նյութերի մշակում էքստրեմալ պայմաններում (բարձրէներգետիկ իոն/լազերային ճառագայթում և մեխանիկական ազդեցություն), միջուկային նյութագիտություն, ինչպես նաև ֆիզիկայի ու քիմիայի հետազոտական մեթոդների կիրառություն արվեստի և հնագիտության մեջ: Նա հրապարակել է մոտ 100 հետազոտական հոդվածներ, ինչպես նաև ԱՄՆ արտոնագիր և գիրք։ Ներկայումս հանդիսանում է “Բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզ” միջազգային ամսագրի խմբագիր:
Խաչատուր Մանուկյանը ՀՀ Նախագահի մրցանակի և բնական գիտությունների բնագավառում Հայաստանի Հանրապետության ոսկե մեդալի դափնեկիր է (2009 թ.):

New Processing Pathways of Materials Under Extreme Conditions