Պրոֆեսոր Նաբիլ Զեյրիին այցելել է Ա. Բ. Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ
Ուրախ էինք հյուրընկալելու մեր լավ գործընկերոջն ու բարեկամին՝ Մոնաստիրի համալսարանի պրոֆեսոր Նաբիլ Զեյրիին (Թունիս)։
Պրոֆեսոր Զեյրին Հայաստան էր ժամանել մասնակցելու «Radiant Minds: Exploring Light from Lab to Life» միջոցառմանը, որի շրջանակում հանդես եկավ հետաքրքիր դասախոսություններով և հանդիպումներով՝ կիսվելով իր գիտելիքներով ու փորձով ուսանողների և երիտասարդ հետազոտողների հետ։
Այցի ընթացքում նա այցելեց նաև Ա. Բ. Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Քվանտային նյութերի և նանոֆոտոնիկայի լաբորատորիա, որտեղ ծանոթացավ մեր գիտական գործունեությանը, քննարկեց ընթացիկ հետազոտությունները և հետագա համագործակցության հեռանկարները։
Այցի կարևորագույն դրվագներից էր երիտասարդ հետազոտողների համար անցկացված գործնական դասընթացը՝ նվիրված արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մեթոդների կիրառմանը գիտական հետազոտություններում։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու ժամանակակից տվյալահեն մոտեցումներին և դրանց կիրառությանը ֆոտոնիկայի, նանոտեխնոլոգիաների և նյութագիտության ոլորտներում։
Շնորհակալություն ենք հայտնում պրոֆեսոր Զեյրիին հետաքրքիր քննարկումների, արժեքավոր գիտելիքների և մեր երիտասարդ հետազոտողներին ոգեշնչելու համար։