Ձեռքբերումներ և նորարարություն

•    Առաջին անգամ ուսումնասիրվել է մի շարք պինդ ֆազային ռեակցիաների կինետիկան մետաղ - ոչ մետաղ համակարգերում ջերմաստիճանային լայն տիրույթում (մինչև 3000 oC) խիստ իզոթերմ և ոչ իզոթերմ պայմաններում՝ օգտագործելով արդիականացված էլեկտրաթերմոգրաֆիական սարքավորումը: Ցույց է տրվել, որ իզոթերմ պայմաններում ստացված կինետիկական տվյալները ոչ միշտ են կիրառելի ոչ իզոթերմ պրոցեսները նկարագրելու համար:
•    Վերջին տասնամյակում մեծ ուշադրություն է դարձվում ոչ իզոթերմ պայմաններում ընթացող քիմիական ռեակցիաների առանձնահատկություններին և տաքացման արագության ազդեցությանը քիմիական ռեակցիայի ընթացքի վրա։ Մասնավորապես, մի շարք հետերոգեն համակարգերի համար հաստատվել է տաքացման արագության որոշիչ դերը ռեակցիայի ուղղության, դրա կինետիկական օրենքի, ինչպես նաև ձևավորվող պինդ արգասիքների միկրոկառուցվածքի վրա։ Ցույց է տրվել, որ ելանյութերի արագ տաքացումը վճռորոշ դեր ունի նաև պինդ նյութերի մասնակցությամբ մի շարք պրոցեսների՝ ինքնատարածման համար բարենպաստ պայմանների ապահովման գործում:
•    Մշակվել են ընդհանրացված սահմանային պայմաններով ռեակցիոն դիֆուզիայի նոր մաթեմատիկական մոդելներ՝ համակարգչային վիզուալիզացիայի հնարավորությամբ։ Հիմնվելով այդ մոդելների վրա, առաջին անգամ որոշվել են ածխածնի և սիլիցիումի պինդ ֆազային դիֆուզիայի գործակիցները մի շարք անցումային մետաղների կարբիդներում և սիլիցիդներում՝ ջերմաստիճանային լայն միջակայքում:
•    Մշակվել և զարգացվել է նոր մոտեցում պինդ նյութերի մասնակցությամբ ընթացող այրման պրոցեսների քիմիական խթանման համար` օգտագործելով պինդ հավելանյութեր (այրման խթանիչներ): Մոտեցումը ներառում է երկու հիմնական ասպեկտ՝ ջերմային և կինետիկական։ Առաջին դեպքում, վերահսկվող այրման ռեժիմով ռեակցիայի ընթացքին նպաստող հիմնական գործոնը որոշակի ջերմային ռեժիմի ապահովումն է (Tad>Tad(min)): Երկրորդ դեպքում, ռեակցիայի մեծ արագությունն ապահովվում է ռեակցիայի ընդհանուր մեխանիզմի փոփոխման միջոցով՝ առանց դրա ջերմային ռեժիմի էական փոփոխության: Հաճախ ակտիվացման այս երկու ձևերը տեղի են ունենում միասին, և այս դեպքում գործ ունենք, այսպես կոչված, ռեակցիաների ջերմակինետիկական ակտիվացման հետ: Սույն երևույթի հիման վրա մշակվել են մոտ 40 կերամիկական նյութերի այրման ռեժիմում սինթեզի նոր տեխնոլոգիաներ։ Ձևակերպվել են այրման նոր խթանիչների որոնման չափանիշներ, առաջարկվել են մի շարք այդպիսի միացություններ (որոշ անօրգանական աղեր, տեֆլոն, մելամին, պոլիվինիլքլորիդ և այլն), որոնք արդեն արդյունավետորեն կիրառվել են մի շարք համակարգերի համար:

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Ներկայումս լաբորատորիայում մշակվում են տարբեր հումքից (խտանյութեր, արդյունաբերական թափոններ) պղնձի փոշու ստացման նոր մոտեցումներ՝ հիմնված բարձր ջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի վրա։ Հետազոտվում են առաջադեմ բարձր էնտրոպիական նյութեր և կենսանմանակ հիերարխիկ կառուցվածքներ ձեռք բերելու նոր ուղիներ: