Հեղուկաֆազ ազատ-ռադիկալային ռեակցիաների լաբորատորիա

Հեղուկաֆազ ազատ-ռադիկալային ռեակցիաների լաբորատորիա

Լաբորատորիայի վարիչ, ք.գ.դ., ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լ.Ա. Թավադյան

 

Գիտական գործունեության ոլորտը

  • հեղուկաֆազ ազատ-ռադիկալային ռեակցիաներ;
  • օքսիդացման ռեակցիաների կատալիզ;
  • հակաօքսիդիչների ազդեցության մեխանիզմ;
  • բարդ (բազմափուլ) ռեակցիաների, այդ թվում ոչ գծային դինամիկ համակարգերի քանակական մոդելավորում։

 

Հիմնական գիտական ձեռքբերումները 

  • Բարդ (բազմափուլ) ռեակցիոն մեխանիզմների քանակական մոդելավորման և վերլուծության համար մշակվել է սկզբունքորեն նոր եղանակ՝ հիմնված ռեակցիոն համակարգի բաղադրիչների համապատասխան կինետիկական հավասարումների  Համիլտոնյան համակարգման վրա։ Արդյունքում քիմիական կինետիկա են մտցվել նոր հասկացություններ՝ արժեքային մեծություններ, որոնք թույլ են տալիս ռեակցիաները կառավարելու և վարքը կանխատեսելու նպատակով քանակապես բացահայտել այդ բարդ ռեակցիաների առանձին փուլերի և բաղադրիչների կինետիկական նշանակությունը։ Դա իրականացվում է VALKIN համակարգչային ծրագրի օգնությամբ։
  • Կառուցվել և քանակական վերլուծության են ենթարկվել հակաօքսիդիչների ներկայությամբ լիպիդների պերօքսիդացման ադեկվատ կինետիկական մոդելները։
  • Ռեագենտների իմպուլսային ներարկմամբ ԷՊՌ կինետիկական եղանակի օգնությամբ չափվել են հեղուկ ֆազում բազմաթիվ ազատ-ռադիկալային տարրական ռեակցիաների արագության համապատասխան հաստատունները։ Այդ տվյալների հիման վրա հայտնաբերվել են ազատ-ռադիկալային ռեակցիաների նոր մեխանիզմները և բացահայտվել են կառուցվածքի և ռեակցիոնունակության միջև կապերը։ 
  • Հենվելով քիմիական կենսամիմետիկայի սկզբունքների վրա՝ մշակվել է օքսիդացման ռեակցիաների արդյունավետ կատալիզատորների (ազոտ պարունակող ածխի մետաղ-կոմպլեքսային միացություններ) նոր շարք։ Հայտնաբերվել է թթվածնի ակտիվ ձևերի մասնակցությամբ կատալիզատորի մակերևույթի վրա շղթայի փոխանցման նոր ցիկլիկ ռեակցիա։ Սա էականորեն բարձրացնում է ալկիլարենների՝ հիդրոպերօքսիդների փոխարկման արդյունավետությունը։
  • Օգտագործելով Վ.Ա. Համբարձումյանի «ինվարիանտ ներմուծման» ոչ էմպիրիկ, հիմնադիր սկզբունքը՝ տեսականորեն նկարագրվել է բախումների ընդհանրացված տեսության տեսանկյունից գազային և կոնդենսացված միջավայրերում ընթացող քիմիական ռեակցիաների վրա միջավայրի դինամիկ ազդեցությունը։
  • Մշակվել է ռեակցիոն համակարգերի, այդ թվում ճյուղավորված-շղթայական, այլասերված-ճյուղավորված քիմիական ռեակցիաների կրիտիկական պայմանների բացահայտման և վերլուծության քանակական եղանակ։ Դրա ժամանակ տեղի է ունենում ռեակցիաների ընթացքի ռեժիմների որակական հերթափոխ։ Առաջարկվել է ռեակցիաների կրիտիկական պայմանների բացահայտման և վերլուծության ունիվերսալ չափանիշ։
  • Բացահայտվել են ԴՆԹ-ի հետ կապված կենսահակաօքսիդիչների (ֆլավոնոիդներ, ֆոլատներ, տոկոֆերոլներ և այլն) հակառադիկալային ազդեցության նոր քիմիական մեխանիզմներ։

 

Իննովացիոն գործունեությունը 

  • Սիներգետիկ հումքի հիման վրա մշակվել է ԼԱ-1 և ԼԱ-2 ժանգի ձևափոխիչների արտադրման տեխնոլոգիա և ստեղծվել է փորձնական արտադրություն։
  • Ակտիվ թթվածնի հիման վրա մշակվել է «Բիօքսիլ» բարձր արդյունավետությամբ կոմպոզիցիոն ախտահանիչի արտադրության տեխնոլոգիա և ստեղծվել է փորձնական արտադրություն։